Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ Դամասկոսը ճանաչեց Ցխինվալն ու Սուխումը

Ինչու՞ Դամասկոսը ճանաչեց Ցխինվալն ու Սուխումը
01.06.2018 | 10:49

Անդրկովկասում բազմապլան իրադարձություն է եղել` Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանրապետությունները` հաղորդել է Սիրիայի ԱԳՆ-ն: Լուրը հաստատում են և հանրապետությունների ԱԳՆ-ները: Հիմա երեք երկրները պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել դեսպանատների մակարդակով` հղում անելով 1961-ի ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և 1963-ի ապրիլի 23-ի հյուպատոսական ծառայության մասին Վիեննայի կոնվենցիային: Պետք է սպասել դեսպանատների փոխանակմանը, որ կլինի, հավանաբար, աշնանը:

2008-ի օգոստոսի կովկասյան պատերազմից հետո Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն ու Տուվալուն: Սիրիան դարձավ հերթական պետությունը: Հասկանալի է, որ Դամասկոսի որոշումը հարուցեց Թբիլիսիի բուռն դժգոհությունը: ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դոլիձեն Սիրիայի քայլն անվանեց «շատ վատ նորություն» և կոչ արեց «միջազգային հանրությանը արձագանքել ու դատապարտել»: Համանման էր Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի արձագանքը: Թբիլիսին նախաձեռնեց Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթաց: Այդ ամենը կանխատեսելի էր: Բայց չկա ակնհայտ պատասխան, թե ինչու՞ Վրաստանի հետ հարաբերություններում նման շրջադարձ Սիրիայի իշխանությունները նախաձեռնեցին հենց հիմա: Ինչպես և` որո՞նք են Ռուսաստանի շահերը` առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու Սիրիան հազիվ թե նման քայլ աներ: Դա ոչ միայն ամրապնդում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի իբրև անկախ հանրապետությունների կարգավիճակը տարածաշրջանում, այլև իմաստազրկում է ռուս-վրացական երկխոսությունն այդ ուղղությամբ: Անդրկովկասում նոր քաղաքական ու աշխարհաքաղաքական որակով Դամասկոսի հայտնվելը կարող է փոխել իրավիճակը տարածաշրջանում: Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը Դամասկոսի կողմից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է դառնալ ճանաչման գործընթացի սկիզբ այլ պետությունների համար: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Դամասկոսին կարող է հետևել Իրանը` արտահայտելով Վրաստանին իր դժգոհությունը Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից: Եթե այդպես լինի, ոչ միայն կամրապնդվեն Ռուսաստան-Սիրիա-Իրան դաշնակցային հարաբերությունները, այլև լուրջ ազդեցություն կունենա Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Պարադոքս է, որ հենց Վաշինգտոնն ու Մեծ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցներն են վարում ամբողջական պետությունների մասնատման քաղաքականություն, սակայն հայտարարում են Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Կդառնա՞ հիմա Թբիլիսին սիրիական կոնֆլիկտի կողմ` քչերին է հուզում: Շատ փորձագետների գնահատականով` «սիրիական կողմի քայլը ցուցադրում է ոչ միայն համերաշխությունը Մոսկվայի հետ կովկասյան երկու պետությունների հարցում, այլև զսպիչ ազդեցություն ունի» նրանց համար, ովքեր փորձում են սրել իրավիճակը Մերձդնեստրում, ՈՒկրաինայի արևելքում կամ Արցախի Հանրապետության շուրջ: Ստացվում է` Մոսկվան իր դաշնակիցների հետ Մերձավոր Արևելքում սկսում է ցույց տալ սիմվոլիկ ժեստերի քաղաքականությունից հեռանալը և անցնում է ստեղծված օբյեկտիվ քաղաքական ռեալությունների ճանաչմանը: Դա ազդանշան է, որ Ռուսաստանն ուղարկում է արտաքին աշխարհին: ՈՒմ դուր կգա, ում` ոչ, այլ հարց է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հարց` իսկ եթե վաղը Սիրիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությու՞նը: Լա՞վ է, թե՞ վատ: Դա կդառնա՞ այլ պետությունների ճանաչման սկիզբ, թե՞ կկանխի: ՈՒ ընդհանրապես` ի՞նչ է կատարվում տարածաշրջանում: Կճանաչի՞ Դամասկոսը Ցխինվալին ու Սուխումին, Նաուրուից, Վանուատուից ու Տուվալուից հետո` պետություններ, որոնց գոյությունն իսկ քչերը գիտեն, թե՞ չի ճանաչի` ի՞նչ է փոխվում: Իրո՞ք այդքան հզոր պետություն է Սիրիան, որ նրա ճանաչումը իրավիճակ փոխի, թե՞ արագ պետք էր կանխել ռուս-վրացական երկխոսությունը, բայց ոչ Ռուսաստանի ձեռքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ